Հենց «Դեմոկրատական միության»` քրդերի մարքսիստական կազմակերպության ուժերը թույլ չտվեցին Հալեպի ամբողջական շրջափակումը և կիսաշրջափակված քաղաքի մատակարարումը նրանց անկլավով էր կատարվում: ԻՊ-ի հիմնական հարվածները որոշ ժամանակ տեղում էին հենց քրդական դիրքերի վրա: Մոսկվան ամեն կերպ ջանում էր ուղիղ կապեր հաստատել այդ չափազանց կարևոր քաղաքական ու ռազմական ուժի հետ: Մոսկվայում բացվեց Սիրիական Քրդստանի, կամ ինչպես քրդերն են անվանում, Արևմտյան Քրդստանի գրասենյակը: Մոսկվան Ասադին հորդորում էր բանակցություններ սկսել «Դեմոկրատական միության» հետ` հետպատերազմյան Սիրայի դաշնայնացման ու սիրիացի քրդերին ինքնավարության տրամադրման մասին: 2017-ի փետրվարին Ռուսաստանն առաջարկեց Սիրիայի Սահմանադրության իր տարբերակը, որ նախատեսում էր ապակենտրոնացում և բոլոր կրոնների ու մշակույթների հավասարություն, իշխող կուսակցության` ԲԱԱՍ-ի առաջատար դերի բացառում: Սակայն Դամասկոսը` հիմնականում Թեհրանի ազդեցության տակ անտեսեց Մոսկվայի հորդորները: Միևնույն ժամանակ` սիրիացի քրդերը ակտիվորեն սկսեցին մերձեցման ճանապարհներ որոնել ԱՄՆ-ի հետ և այդ քայլերը բարյացակամ ընդունվեցին Վաշինգտոնում: ԱՄՆ-ը սկսեց «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) միության ստեղծում, որի հիմքում պետք է լինեին սիրիացի քրդերը: ԱՄՆ-ը նաև պաշտոնապես աջակցում է Սիրիայի կազմում «քրդական կանտոնի» ստեղծմանը: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի խոսքով` ԱՄՆ-ը չի պատրաստվում Սիրիայից հեռանալ, քանի դեռ կառավարության ու ընդդիմության կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով չի կարգավորվել: Այդ գործողությունները հարուցեցին Թուրքիայի բացահայտ դժգոհությունը և հանգեցրին Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների լուրջ սրման:Վաշինգտոնը դեմ էր Թուրքիայի հյուսիսում թուրքական անվտանգության գոտու ընդլայնմանը` այդ գոտին սիրիացի քրդերի համախումբ բնակության վայր է: Կտրուկ ավելացան ԱՄՆ զենքի մատակարարումները և խորհրդականների թիվը SDF-ի շարքերում: Ինչպես Իրաքի դեպքում` ԱՄՆ-ը ձգտում է նպաստել Սիրիայի հյուսիսում պետության ստեղծմանը պետության մեջ: Հիմա Ռոժավայում երկու համանախագահներ կան` քրդուհի Հելիա Յուսեֆը և արաբ Մանսուր Սելումը: Սիրիացի քրդերի օգնությամբ ԱՄՆ-ը ձգտում է թուլացնել Ռուսաստանի ու Իրանի ներգործությունը Սիրիայի քաղաքական գործընթացների վրա: Դամասկոսից Սիրիայի հյուսիսի առանձնացվածության երաշխիքը պետք է դառնա այնտեղ ԱՄՆ-ի զինվորականների սահմանափակ զորախմբի տեղակայումը: Նրանք լինելու են զսպիչ գործոն, որ Դամասկոսի կառավարական ուժերը չփորձեն գրավել Ռոժավան: ԱՄՆ-ը կանխավ ապահովել է «Սիրիական դեմոկրատական ուժերի» մարտունակությունը:
Ռուսական ազդեցությունը սիրիացի քրդերի վրա սկսեց արագ նվազել, թեպետ քրդերը ջանում էին դիվանագետ լինել Մոսկվայի առնչությամբ ու մասնակցում էին ՌԴ ԱԳՆ-ի առաջարկած բոլոր խաղաղ ձևաչափերին:
Սիրիայում ԻՊ-ի լրջագույն թուլացմամբ` SDF-ը և Սիրիայի կառավարական ուժերը փաստացի դարձան մրցակիցներ մարտադաշտում: Հենց քրդական ուժերը գրավեցին Ռաքան` խալիֆաթի մայրաքաղաքը, և հիմա արգելակում են Դամասկոսի փորձերը` ամրապնդվել Եփրատի արևելյան ափին: Քրդական ջոկատները վերահսկում են գործնականում բոլոր նավթային հանքերը Սիրիայում, թեպետ այդ տարածքները դուրս են նրանց համախումբ բնակության վայրերից:
Որոշակի փուլում ստացվեց, որ քրդերը վերահսկում են ոչ միայն սիրիական նավթը, այլև Եփրատը, հետևաբար` երկրում արտադրվող էլէներգիայի նշանակալից մասը: Այսինքն` քրդերը դարձել են ոչ միայն լուրջ ռազմական, այլև տնտեսական ուժ: Դամասկոսը կորցրեց իր տնտեսական ներուժի նշանակալից մասը: Առավել ակտիվանում են խոսակցությունները, որ Սիրիայի իշխանությունները մտադիր են ուժով վերադարձնել նավթահանքերը և նրանց պետք է աջակցի Իրանը: Սակայն Իրաքյան Քրդստանի անկախության հայտարարման փորձի ձախողումը և իրաքյան քրդերին պաշտպանելու ԱՄՆ-ի ցանկության բացակայությունը սառեցրեց և սիրիացի քրդերի ձգտումները: Նրանք, ռուս զինվորականների միջնորդությամբ, Սիրիայի իշխանություններին փոխանցեցին Սիրիայի խոշորագույն գազային հանքավայրը: Կոնոկո գազային գործարանը (տեղական անվանումը` Էլ Տաբիա) Եփրատի արևելյան ափին է, Դեր Զոր քաղաքի մերձակայքում և վերջերս է ազատագրվել ԻՊ-ից: Կոնոկո գազային դաշտը ԻՊ-ի վերահսկողության տակ էր 2014-ից և SDF-ին անցավ սեպտեմբերի 23-ից: Սիրիական բանակը և ռուսական «խորհրդատուները» Եփրատի արևմտյան ափին են, ռուսական ռազմական ստորաբաժանումը հրավիրվեց Ռաքա:
Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի ռուսական դիվանագիտությունը սիրիացի քրդերի վրա ազդեցության վերականգնման ու պահպանման համար: Նախ` կանխել Ասադի ուժերի մարտական գործողությունները քրդերի դեմ` նավթային դաշտերը վերադարձնելու համար: Գուցե առաջարկի Դամասկոսի ու Ռոժավայի համատեղ կառավարում այնտեղ: Քրդական կազմավորումները պետք է այդ տարածքներից դուրս գան և վերահսկողությունն անցնի ռուսական ռազմական ոստիկանությանը` իբրև կայունության երաշխավոր: Դամասկոսին առաջարկի ընդունել նոր Սահմանադրություն, որը ճանաչում է սիրիացի քրդերի ինքնավարության իրավունքը (ճիշտ է` դա կհարուցի Իրանի բացահայտ դիմակայությունը): Թեհրանից ու Անկարայից հասնել Սիրիայի ապագային վերաբերող բոլոր բանակցային ձևաչափերին քրդերի մասնակցության իրավունքի` ներառյալ Ժնևի խաղաղ բանակցությունները: Այդ քայլերը կմոտեցնեն քաղաքական կարգավորումը Սիրիայում և կամրապնդեն սիրիացի քրդերի կարգավիճակը` իբրև ՌԴ-ին բարեկամական ուժի:
Ինոկենտի ԱԴՅԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Դասական ծրագիր է, բայց.
1. Ինչու՞ պիտի ԱՄՆ-ը կամավոր հեռանա նավթագազային տարածքներից ու հանձնի ռուսական ռազմական ոստիկանությանը, որ նրանք էլ ապահովեն Դամասկոսի ու Ռոժավայի համատեղ շահագործումը:
2. Իրաքին հաջողվեց Իդլիբից հետ ստանալ Քիրկուկը` ռազմական ճանապարհով, ի՞նչը պիտի կանխի Դամասկոսին:
3. Ո՞ր դեպքում Թեհրանը կհամաձայն քրդական ինքնավարության ստեղծմանը Սիրիայում և ի՞նչ կպահանջի փոխարենը: Մասնաբաժի՞ն նավթագազային հատվածից, քաղաքական չեզոքությու՞ն Իրանի նկատմամբ:
4. Ի՞նչ պայմաններով Անկարան կհամաձայնի քրդական ինքնավարությանը: Ո՞վ կարող է երաշխավորել, որ քրդական ինքնավարությունը համանման ձգտումներ չի հարուցի Թուրքիայում:
5. Ինչու՞ պիտի Դամասկոսը համաձայնի նավթագազային հանքավայրերում «բաժնետիրական ընկերությունների» ստեղծմանը, եթե Սիրիայի վերականգնման տնտեսաֆինանսական ներուժը հենց նավթն ու գազն են: Հակառակ պարագայում` Դամասկոսը ժամանակի մեջ կորցնելու է քաղաքական անկախությունը և իշխանության են գալու վերականգնումն ապահովող ֆինանսական ներդրում կատարող պետությունները: Ո՞վ է վերահսկելու և ապահովելու նավթի ու գազի անվտանգ արտահանումը:
6. Բացի ռազմական ուժից` ի՞նչ կա Մոսկվայի դիվանագիտական զինանոցում` ապահովելու համար և Դամասկոսի, և Ռոժավայի հետ բարեկամական հարաբերությունները:
7. Ինչպե՞ս են վերաբերվում տարածաշրջանի մյուս պետությունները քրդական ինքնավարության ստեղծմանը:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ երկար տարբեր ձևաչափերով բանակցություններում որոնելու են Սիրիայում պատերազմ սկսած ու ավարտել փորձող բացահայտ ու ստվերում գործող ուժերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ